Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտածում Չինաստանի հետ ԱՄՆ առեւտրի համաձայնագրի հաջորդ հնարավոր փուլի մասին՝ հավելելով, որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով երկու երկրների միջեւ հարաբերությունները «լուրջ վնասվել են»:

«Նրանք կարող էին կանգնեցնել այս ժանտախտը: Նրանք կարող էին կանգնեցնել այն: Նրանք չեն կանգնեցրել այն»,- նորից հայտարարել է Թրամփը՝ նկատի ունենալով կորոնավիրուսը:

Հարցին, թե արդյո՞ք երկրների միջեւ այս լարվածությունը նշանակում է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային համաձայնագրի «երկրորդ փուլ» չի լինի, Թրամփը պատասխանել է, որ ինքը նույնիսկ այդ մասին չի մտածել եւ շատ այլ բաներ ունի մտածելու:

Երկու տնտեսական գերտերությունների միջեւ առեւտրային պայմանագրի կարգավիճակը, որի առաջին փուլը ստորագրվել եւ ուժի մեջ է մտել այս տարվա սկզբին, հարցականի տակ է դրվել Covid-19-ի ճգնաժամի պայմաններում:

Վիրուսը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանի Ուհան քաղաքում, տարածվել է ամբողջ աշխարհում եւ հսկայական վնաս է պատճառել Ամերիկայի առողջապահությանը եւ տնտեսությանը: Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում գրանցվել է վարակման ավելի քան 3 միլիոն դեպք եւ մահվան առնվազն 133 291 դեպք:

Մայիսին Թրամփը հայտարարել էր, որ իրեն «շատ տանջում է» այն հարցը, թե արժի արդյոք վերանայել Պեկինի հետ համաձայնագրի առաջին փուլը, մինչդեռ նրա վարչակազմի ներկայացուցիչները վստահեցնում են, որ երկու երկրները պետք է շարունակեն պահպանել համաձայնագիրը: