Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել հարգել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշումը: «Սուրբ Սոֆիան Թուրքիայի իրավասության տակ է: Բոլորին հորդորում եմ հարգել Թուրքիայի դատական եւ գործադիր մարմինների կայացրած որոշումները: Մենք ընդունում ենք այս հարցում տեսակետների ցանկացած արտահայտություն, բացառությամբ նրանց, որոնք ուղղված են մեր ինքնիշխանությունը խախտելուն»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայում կան «435 եկեղեցիներ եւ սինագոգներ»: «Սա վկայում է մեր մենթալիտետի մասին, որը բազմազանությունը համարում է մեր հարստությունը»,- հավելել է նա:

Էրդողանը Սուրբ Սոֆիայում մզկիթի բացումը համեմատել է «վերածննդի» հետ, եւ ասել է, որ նա «դեն նետեց ոտքերի շղթաները։ «Շենքի ներսում կան որոշ թերություններ։ Վեց ամիս մենք նախապատրաստական աշխատանքներ կիրականացնենք Սուրբ Սոֆիայում: Մենք այդ աշխատանքները կանենք, որ մահմեդականները եւ այլ կրոնների ներկայացուցիչները գան եւ տեսնեն լավագույն օրինակը այն բանի, թե ինչպես ենք մենք պահպանում մեր նախնիների ժառանգությունը, եւ որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ազգին ուղղված ուղերձում ասել է Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո, որոնք այժմ արագորեն ընթանում են, մենք նախատեսում ենք Սուրբ Սոֆիան բացել հուլիսի 24-ին, ուրբաթօրյա աղոթքի հետ մեկտեղ»: Նա նշել է, որ մզկիթի մուտքն անվճար կլինի, ինչպես Թուրքիայի բոլոր մյուս մզկիթներում: