Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Սուրբ Սոֆիան պաշտոնապես մզկիթի վերածելու հայտարարությանը։

Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Սուրբ Սուֆիան մզկիթի վերածելով՝ եվրոպայում ապրող մուսուլմանների եւ Թուրքիայում ապրող քրիստոնյաների կյանքն ավելի դժվարացավ։

Սուրբ Սոֆիան քրիստոնյաների ու մուսուլմանների միջեւ լարվածությունը թույլացնող տաճար էր, ափսոս»։

Նշենք, որ Էրդողանը հրահանգել էր միջոցներ ձեռնարկել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու համար, եւ արդեն հուլիսի 10–ին Թուրքիայի բարձրագույն դատարանը չեղյալ հայտարարեց Թուրքիայի նախարարների խորհրդի 1934 թվի որոշումը, որով Սուրբ Սոֆիան թանգարանի էր վերածվում։

Հիշեցնենք, որ Բյուզանդիայի Կոստանդին կայսեր կողմից  4–րդ դարում հիմնադրված եւ ուղղափառների ամենահայտնի տաճարի համբավը կրող Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16-րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո 1934 թվականին այն նախարարների խորհրդի որոշումով դարձել էր թանգարան։