ԱՄՆ-ը հիասթափված է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումից, հաղորդում է Ahval-ը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրտագուսը հիասթափություն է հայտնել՝ այդ որոշման կապակցությամբ եւ հիշեցրել, որ տաճարը Ստամբուլի պատմական տեսարժան վայրն էր, որը ներառված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:

«Մենք հիասթափված ենք Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու որոշումից: Դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ներառված կարեւոր տեսարժան վայրերից էր»,-ասել է նա՝ նշելով, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Թուրքիան կպահպանի տաճար այցելելու հասանելիությունը բոլորի համար՝  առանց որեւէ խոչընդոտի:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր.

«Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը շարունակել պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան՝ որպես կրոնական ավանդույթների ու բազմազան պատմության հանդեպ իր հարգանքին հավատարմության օրինակ եւ այն հասանելի դարձնել բոլորի համար: Այս հազվագյուտ օբյեկտը գեղարվեստական եւ տեխնիկական հանճարեղության կրոնական արտահայտություն է, որն արտացոլված է նրա հարուստ ու բարդ 1500-ամյա պատմության մեջ: Ավելին, տաճարի կարգավիճակը, որպես թանգարան, աշխարհի տարբեր երկրներից մարդկանց թույլ է տալիս վայելել այն եւ մտորել այս հոյակապ ձեռքբերման շուրջ: Միացյալ Նահանգները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխումը դիտարկում է որպես այս հիանալի շենքի եւ կրոնական տարբեր ավանդույթների ու մշակույթների մարդկանց միջեւ որպես հիմնական կամուրջ ծառայելու նրա անգերազանցելի կարողության ժառանգության նվազում: Մենք ձգտում ենք շարունակել աշխատել Թուրքիայի կառավարության հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ կրոնական եւ մշակութային վայրերի պահպանման շուրջ»: