Բռնությամբ ուղեկցվող բողոքի ցույցերը շարունակվել են Բելգրադում, որտեղ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ կառավարության քաղաքականության, այդ թվում՝ կորոնավիրուսից առաջացած ճգնաժամին արձագանքման դեմ, հայտնում է Reuters-ը:

Խորհրդարանի շենքի շուրջը տեղակայվել են ոստիկանության ուժեր, որոնք պատրաստված են եղել անկարգությունների դեպքում աշխատելու համար, որպեսզի կանխեն երկրի նախագահի հակառակորդների մուտքը շենք:

Գործակալությունը նշում է, որ ցուցարարները քարեր ու կայծեր են նետել ոստիկանների ուղղությամբ եւ վանկարկել են․ «Մենք չենք հանձնի Կոսովոն» եւ «Վուչիչը գող է»:

Փարիզում նախագահն իր քաղաքական հակառակորդներին մեղադրել է Բելգրադում բուռն ցույցեր կազմակերպելու մեջ եւ ընդգծել է, որ եթե նրանք նույն կերպ շարունակեն, դժվար կլինի հաղթահարել կորոնավիրուսի համավարակը:

Ավելի վաղ Սերբիայի նախագահը հայտարարել էր, որ Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ հարաբերությունների վերականգնմանն ուղղված բանակցությունները վերսկսելու ուղղությամբ Գերմանիայի եւ Ֆրանսիայի ձեռնարկած ջանքերն արդեն մարվում են:

Հիշեցնենք, որ Բելգրադում հուլիսի 7-ին, 8-ին եւ 9-ին անցկացվող հակակառավարական ցույցերը ուղեկցվել էին ցուցարարների եւ ոստիկանության միջեւ ուժեղ բախումներով: Մարդիկ քարեր եւ կայծեր էին նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝ վերջիններս արցունքաբեր գազ էին կիրառել: Բողոքի առաջին երկու օրվա ընթացքում տասնյակ մարդիկ էին վիրավորվել: