Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ այլ պետությունների կարծիքը չի փոխի Սուրբ Սոֆիայ տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի վերածելու Անկարայի որոշումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիան Սուրբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշում է կայացրել՝ հիմնվելով ժողովրդի ցանկության եւ կամքի վրա: Այլ երկրների կարծիքը չի կարող ազդել մեր որոշման վրա»,- Թուրքիայի առաջնորդի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։

Ուրբաթ օրը Թուրքիայի Պետական խորհուրդը` երկրի բարձրագույն վարչական դատարանը, չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու 1934թ. որոշումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հրամանագիր է ստորագրել՝ տաճարը մզկիթի վերածելու եւ այնտեղ մահմեդական ծառայություններ սկսելու մասին: