Թուրքիայի իշխանությունները մտադիր են կիրառել լուսավորման հատուկ տեխնիկա, որի դեպքում քրիստոնեական խճանկարներն ու ֆրեսկաները չեն երեւա Սուրբ Սոֆիայի տաճարում նամազների ժամանակ, հաղորդում է Hurriyet թերթը։

Նախագահի վարչակազմը մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության ու կրոնական հարցերով վարչության հետ միասին արդեն վարում է հուլիսի 24-ին տաճարում առաջին նամազն իրականացնելու նախապատրաստությունը։

Նաեւ այնտեղ մտածում են պարզապես վարագույրով ծածկել խճանկարներն ու ֆրեսկաները մահմեդական աղոթքների ժամանակ։

Ենթադրվում է նաեւ ստեղծել հատուկ միջանցքներ զբոսաշրջիկների համար։ Դա անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան այցելել տաճար՝ չտրորելով աղոթողների խալիները, հաղորդում է ՄԿ-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարը, որը դարձել էր թանգարան, վերածվել է մզկիթի։

Այդ քայլն առաջացրել է բուռն քննադատություն քաղաքակիրթ աշխարհում։ Այդուհանդերձ Էրդողանը հայտարարել է, որ ուրիշ երկրների կարծիքը չի ազդի իր որոշման վրա։