Հայաստանի Հանրապետության այսօրվա ղեկավարությունը Հայաստանից սարքեց երրորդ երկիր, իսկ երրորդ երկրներում արժեքային համակարգ չկա, երրորդ երկրներին վերաբերում են որպես երրորդ երկիր։ Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և երեք դատավորների դիմումի պահանջներից մեկը մերժելու ՄԻԵԴ որոշմանը իր նոր տեսանյութում, որտեղ պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:
«Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում շատ հետաքրքիր տենդենց կար, երբ արեւմտյան արժեքները սկսեցին կրել հայկական երիտասարդության երեւի ամենալավ սերուցքը։
Ի դեպ նույն վիճակը 1910-15 թվականների ընթացքում էր, երբ Պոլիսից երիտասարդները գնում էին ուսում ստանալու լավագույն եվրոպական համալսարաններում եւ վստահ լինելով, որ արեւմտյան արժեքները նաեւ արտացոլված են լինելու քաղաքականության մեջ՝ վերադարձան եւ սկսեցին պայքարել Օսմանյան կայսրության դեմ, որովհետեւ վստահ էին, որ Արեւմուտքը բառիս փիլիսոփայական իմաստով նաեւ Արեւմուտք է բառիս քաղաքական իմաստով։ Եվ երբ հայերին ջարդում էին, այդ երիտասարդները անկեղծ վստահ էին, որ հիմա կհասնեն արդար Արեւմուտքի արժեքների կրողները եւ կփրկեն, չէ՞ որ մենք ճիշտ ենք։ Ես շատ եմ ուսումնասիրել այս շրջանը, որովհետեւ այդ սերուցքը ուսում էր ստացել այն դպրոցում, որը ավարտել եմ նաեւ ես, եւ ես ցավով եմ կարդացել Մկրտիչ Պեշիկթաշլյանի եւ Դանիել Վարուժանի նամակները։ Նամակներում կար խոր ցավ եւ խոր հիասթափություն։ Նույն հիասթափությունը ապրում են այն երիտասարդները, որոնք վերջին 20 տարվա ընթացքում ուսում ստանալով արեւմտյան համաալսարաններում՝ վերադարձան Հայաստան եւ վստահ էին, որ արեւմտյան արժեքները մարդու իրավունքները, ժողովրդավարությունը ունիվերսալ են եւ անկախ քաղաքական այս կամ այն շահից, կան ինչ-որ բաներ, որոնք կան եւ լինելու են։ Իմ ընկերներն են նրանցից շատերը, որոնք, օրինակ, չեն հասկանում դեսպանատների լռությունը, միջազգային հանրության լռությունը, որովհետեւ իրենք պետք է հասկանան եւ առնչվեն իրականության հետ. Հայաստանի Հանրապետության այսօրվա ղեկավարությունը Հայաստանից սարքեց երրորդ երկիր, իսկ երրորդ երկրներում արժեքային համակարգ չկա, երրորդ երկրներին վերաբերվում են որպես երրորդ երկրի։ Դուք, օրինակ, ի՞նչ գիտեք Ուգանդայի մասին, ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավարական երկրի, մենք մեզ դարձրեցինք страна изгой, իսկ այդ մարդիկ ունեն իրենց կոնկրետ շահերը։ Եթե դուք սպասում եք եվրոպական ինստիտուտներից օբյեկտիվ գնահատական, ինչո՞ւ չեք սպասում օբյեկտիվ գնահատական այն պերսոնաժից, հիշո՞ւմ եք՝ մի կենդանի կար, որն անընդհատ գալիս, պառկում էր՝ Վարդգես Գասպարին։ Եթե դուք ձեզ հարց տաք, բա ո՞ւր է Վարդգես Գասպարին, ինչո՞ւ չի գալիս պառկում։ Հայաստանում հիմա ամեն ինչ շատ պարզ է. Վարդգես Գասպարին չի պառկում, բայց պաշտպանում է ԿԳԲ-ին։ Մենք միակ երկիրն ենք, որտեղ գրանտ ստացողը ժողովրդավարության տարածելու համար 10 տարի պայքարել է ԿԳԲ-ի դեմ, հիմա պայքարում է ԿԳԲ-ի համար»,-ասաց նա։

Նրա խոսքով` պատճառն այն է, որ արեւմտյան արժեքները լավն են, եթե չկա ռեալ պոլիտիկ, հենց այն գալիս է, միանգամից ամեն ինչ փոխվում է, եւ մնում են խեղճ հայերը, որոնք դեռ հույս ունեն «բարի ձյաձյաների», որոնք գալու են՝ օգնեն։
«Իսկ եթե լուրջ եւ ավելի խորը. ես չեմ կարծում, որ արեւմտյան արժեքները վերաբերում են ինչ-որ կոնկրետ երկրների, արեւմտյան արժեքները նույն քրիստոնեական արժեքներն են, որոնց հիմքում ժողովրդավարությունն է, արժեքային համակարգը եւ մարդու իրավունքները։ Եվ իմ շատ սիրելի ընկերները, որոնք վերջին 20 տարին քարկոծում էին Ռուսաստանին՝ որպես արեւելյան արժեքների կրող, եւ մեծարում էին արեւմտյան արժեքները, հիմա նայում են Արեւելք՝ փնտրելով արեւմտյան արժեք եւ իրականում ճիշտ են անում, որովհետեւ ռեալ պոլիտիկը մեզ պետք է նաեւ բերի ռեալ արժեքային համակարգի։ Ես քմծիծաղով եմ վերաբերվում եվրոպական բոլոր կառույցների վերջին 2.5 տարվա լռությանը եւ անկեղծ հույս ունեմ եւ վստահ եմ, որ նրանք շարունակելու են եւս 5 տարի լռել, որպեսզի մենք հնարավորություն ունենանք, օրինակ, հանգիստ խղճով, առանց աղմուկի դատելու 89+1-ին՝ Նիկոլ Փաշինյանին եւ մեր ԱԺ սիրելի պատգամավորիներին՝ բոլոր տեսակի օրենքները խախտելու համար»,- հավելեց նա։
Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե «ինչո՞ւ ոչ ոք չթքեց նրանց վրա», Մինասյանն ասաց, որ թքել են. «Եթե դուք բացեք Ֆեյսբուքը, կտեսնեք, որ հանած ֆեյքերին եւ անպատասխանատու սփյուռքահայերին՝ լավ էլ թքում են եւ ամենակարեւորը՝ թքածը լիզում են, ասում են՝ այո, ես ժամանակին թքել եմ, բայց հիմա մեղքերս ընդունում եմ, լիզում եմ, դա էլ եմ ողջունում։ Քանի որ մոդայիկ է գրանտ հայտարարելը, ես հայտարարում եմ գրանտ. ով առաջինը թքի ВОЗ-ի տղու վրա, կստանա մրցանակ, իսկ մրցանակը կասեմ, թե ինչ է լինելու»։