Իսպանական ինքնավար Կատալոնիայի իշխանությունները որոշել են սահմանել խիստ կարանտին Լեյդ քաղաքում եւ յոթ նահանգներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Շրջանի 430 բնակիչներից շուրջ 150-ին կարգելվի դուրս գալ տներից բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի (գնալ խանութ սնունդ գնելու համար, այցելություն հիվանդանոց խնամքի կարիք ունեցող բարեկամների մոտ կամ աշխատանքի)։ Ենթադրվում է, որ սահմանափակումը կտեւի 15 օր։

«Մարդիկ պետք է փորձեն մնալ տանը բացառությամբ դեպքերի, երբ նրանք պետք է աշխատեն, եթե դա հնարավոր չէ անել հեռավար ռեժիմում»,-պարզաբանել է առողջապահության հարցերով խորհրդական Ալբա Վերգեսը։

Բոլոր ռեստորանները եւ ակումբները փակ կլինեն, դրանք կկարողանան ընդունել պատվերներ միայն առաքելու նպատակով։ «Մենք խնդրում ենք բնակչությանը մնալ տանը հնարավորինս շատ, դուրս գալ միայն աշխատանքի գնալու կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար»,-հավելել է խորհրդականը։

Կատալոնիայում վերջին օրվա ընթացքում ախտորոշվել է կորոնավիրուսով վարակման 816 նոր դեպք, ինչը երկու անգամ գերազանցում է շաբաթ օրվա ցուցանիշը։

Վարակակիրների թվի աճի եւ ավելացող լոկալ բռնկումների պատճառով Իսպանիայի ինքնավար մարզերի բնակիչները պետք է կրեն դիմակներ ոչ միայն հանրային վայրերում, այլ նաեւ փողոցներում։ Ամբողջ երկրում պարտադիր է կրել դիմակ տրանսպորտում եւ բոլոր հանրային վայրերում, որտեղ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն երկու մետր տարածության վրա։

Պաշտոնական տվյալներով՝ համավարակի առաջին օրերից ի վեր Իսպանիայում հայտնաբերվել է վարակման 254 հազար դեպք, մահացել է 28,4 հազար մարդ։