ԱՄՆ-ում երկուշաբթի օրը տեղի կունենա դաշնային բանտարկյալի առաջին մահապատիժը 17 տարվա ընթացքում, եթե դատարանը վերջին պահին որոշում չկայացնի դադարեցնել այն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս քայլը հիմնականում խորհրդանշական նշանակություն ունի․  մահապատժի սպասում է միայն 60 դաշնային բանտարկյալ։ Մահապատիժների ճնշող մեծամասնությունը իրականացվում է առանձին նահանգների կողմից:

Մեկ տարի առաջ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտնել էր, որ դաշնային իշխանությունները կվերսկսեն հանցագործների մահապատիժները, քանի որ զգում են զոհերի ընտանիքներին մխիթարելու իրենց պարտավորությունը: Սակայն Դանիել Լյուիս Լիի զոհերի հարազատները, ով պետք է մահանա երկուշաբթի օրը Ինդիանա նահանգի Թեր Հոութ քաղաքում, դիմել են դատարան մահապատիժը դադարեցնելու խնդրանքով: Ըստ նրանց՝ Լիի մահապատիժը միայն կուժեղացնի նրանց վիշտը:

Մոտ 1 հազար կրոնական առաջնորդներ գլխավոր դատախազին ուղղված հանրագիր են ստորագրել ՝ պահանջելով դադարեցնել մահապատիժները: Ըստ նրանց՝ երկիրն առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունի: «Մեր երկիրը պայքարում է COVID-19-ի համավարակի, տնտեսական ճգնաժամի, համակարգային ռասիզմի դեմ քրեական դատավարությունում, ուստի մենք պետք է կենտրոնանանք կյանքը պաշտպանելու եւ պահպանելու վրա, այլ ոչ թե՝ մահապատժի»,- գրում են նրանք:

Ռասիստական ​​խմբի անդամ Լին դաժանորեն սպանել էր երեք մարդուց բաղկացած ընտանիքին, այդ թվում՝ ութ տարեկան աղջնակին: 1999 թվականին ատենակալները նրան մահվան դատապարտեցին: