Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը երկրի ներքին գործն է, որին ոչ ոք չպետք է խառնվի, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ ուշադրություն հրավիրելով այս օբյեկտի կարեւորության վրա՝ համաշխարհային մշակույթի եւ քաղաքակրթության օբյեկտի տեսանկյունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքիայի Պետական ​​խորհուրդը՝ երկրի բարձրագույն վարչական դատարանը, հուլիսի 10-ին չեղարկեց Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934 թվականի որոշումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու եւ այնտեղ մահմեդական ժամերգություններ սկսելու մասին:

«Դուք գիտեք այն լայն հասարակական ռեզոնանսի մասին, որ ստացել է այս հարցը ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում: Ընդհանրապես, մեր տեսակետն այն է, որ խոսքը Թուրքիայի ներքին գործերի մասին է, որի մեջ, իհարկե, բնականաբար, ոչ մենք, ոչ էլ այլ երկրներ չպետք է միջամտեն: Միեւնույն ժամանակ, մենք ուշադրություն ենք հրավիրում այս օբյեկտի կարեւորության վրա՝ համաշխարհային մշակույթի եւ քաղաքակրթության օբյեկտի տեսանկյունից»,- լրագրողներին ասել է Վերշինինը: