Դեռեւս հուլիսի 12-ին սկսված ադրբեջանական կողմի դիվերսիաները եւ սադրանքները մենք գնահատում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն, որն անընդունելի է հատկապես ամբողջ աշխարհում տարածված համավարակի պայմաններում: Այս մասին հուլիսի 13-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Հնարավոր հետեւանքների պատասխանատվությունը՝ տարածաշրջանում լարվածության մեծացումը, ադրբեջանցի զինծառայողների զոհվելը, իրավիճակի ապակայունացումը, Ավինյանի խոսքով, պաշտոնական Երեւանն ամբողջությամբ դնում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա:

Ընդ որում՝ փոխվարչապետը գոհունակություն է հայտնել հայ զինծառայողների բարձր պրոֆեսիոնալիզմով, որոնք արժանի եւ համաչափ հակահարված են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին: «Ես ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել մեր զինվորներին եւ սպաներին, որոնք հերթական անգամ ցուցադրեցին ռազմական հզորությունը եւ լիարժեք բազմակողմանի պատրաստվածությունը»,- հավելեց Տիգրան Ավինյանը: