Մոսկվան լուրջ անհանգստություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ եւ պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել իրավիճակի կայունացման համար, նշվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնում հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Ըստ ստացվող տեղեկատվության՝ ռազմական գործողությունները շարունակվում են: Օգտագործվում է հրետանի: Կան սպանվածներ եւ վիրավորներ: Մենք ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»,- նշել են նախարարությունում։

Մոսկվան նաեւ անընդունելի է համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, ընդգծվում է հայտարարության մեջ:

«Հակամարտության կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ խստորեն պահպանել հրադադարը: Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարարությունը պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել իրավիճակը կայունացման համար»,- հավելել են նախարարությունում: