Անցած օրվա ընթացքում Իրանում մահացել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 200 մարդ, զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 13 հազարը, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

IRINN հեռուստաալիքի եթերում առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2 349 նոր դեպք, մահացել է 203 մարդ:

Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հաղորդել էին կորովավիրուսի հայտնաբերման մասին, հասել է 259 652-ի, զոհերի թիվը՝ 13 032-ին: Ընդ որում, առողջացել է 222 539 մարդ:
Հուլիսի սկզբից Իրանը երեք անգամ թարմացրել է օօրական զոհերի ռեկորդը, վերջին անգամ՝ հուլիսի 9-ին, երբ իշխանությունները հայտնեցին 221 մարդու մահվան մասին:

Համաճարակաբանական իրավիճակի վատթարացման կապակցությամբ Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից դիմակների պարտադիր կրում են սահմանել երկրի անբարենպաստ հատվածներում, հանրային եւ փակ վայրերում: Ըստ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ մարդկանց զգալի մասը հետեւում է ներդրված կանոնին: