Չորրորդ անգամ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը պետք է դառնա մեր զգոնության բարձրացման ազդանշան: Այս մասին հուլիսի 13-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ դեռեւս չի հաջողվել չեզոքացնել արտակարգ դրության հիմքում ընկած ռիսկերը: «Համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է տագնապալի, բայց կառավարելի մնալ: Մեծ հույսեր կան, որ ապագայում արտակարգ դրության երկարաձգման անհրաժեշտություն չի առաջանա: Ներկայումս մենք դիտարկում ենք օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը՝ կապված սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ»,- ասաց փոխվարչապետը:

Նա հիշեցրեց, որ վարակման դեպքերի թիվը հասել է 32151-ի: «546 մարդ ծանր վիճակում է, 111-ը՝ ծայրահեղ ծանր: Ընդ որում՝ 43 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Մոտ 10 հազար մարդ բուժում է ստանում տանը»,- հայտնեց պարետը: