Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել այս կամ այն որոշման համար, ապա ես այդ մարդկանց ցանկում չեմ եւ հետաքրքիր կլինի այդ մարդկանց կարծիքը մանրամասն հնարավորություն ունենք հասկանալու, թե ինչ եղանակով են պատկերացնում այդ ճնշումները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով պնդումներին, թե ՄԻԵԴ-ի վերջին որոշումը, որով մերժել էր ՍԴ արդեն նախկին երեք դատավորների եւ Հրայր Թովմասյանի միջնորդությունը՝ «միջանկյալ միջոց» կիրառելու վերաբերյալ:

«Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին, կամ չիրականացվեին: Նույնիսկ առարկան այդքան պարզ չէր: Ես կարծում եմ՝ իրենք մեկնարկային այնպիսի բարդ իրավիճակում էին, եթե իրենց նպատակը դրան հասնելն էր, դա իմ կարծիքով հնարավոր չէր, եւ արձանագրվեց նման որոշում: Բնականաբար, խոսքը միջանկյալ միջոցի մասին էր, իրենց դիմումը դեռ սահմանված ընթացակարգերով կանցնի, կքննարկվի: ՄԻԵԴ-ի որոշմամբ եւս մեկ անգամ կարող ենք արձանագրել, որ ՍԴ մոդելը կյանքի կոչելու պրոցեսը առաջին փուլով ավարտված է, երկրորդ փուլով կավարտվի, երբ սահմանադրական մարմինները ՍԴ դատավորի թեկնածուներ կառաջադրեն եւ նրանք կընտրվեն ԱԺ-ի կողմից»,-ասաց նախարարը:

Հարցին, թե եթե ՄԻԵԴ-ը որոշում կայացնի, որ ՍԴ նախկին դատավորները պետք է վերականգնվեն իրենց պաշտոնում, ինչպես է խնդիրը լուծվելու, քանի որ արդեն ընտրված կլինեն նոր դատավորները, Բադասյանը պատասխանեց. «Եկեք չշտապենք, սպասենք պրոցեսին: Որեւէ մեկը չի կարող ասել, թե ՄԻԵԴ-ն ինչ որոշում կարող է կայացնել, կամ եթե արձանագրի կոնվենցիայի խախտում, ապա որ հոդվածի մասին կլինի խոսքը եւ այլն: Մեր Սահմանադրական փոփոխությունները հստակ են, նոր դատավորները կընտրվեն, ՍԴ կազմը կամբողջանա:

Ես այդ առումավ որեւէ մեկնաբանություն չեմ տա: Իմ դիտարկումները, ուսումնասիրությունները, նաեւ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, նման եզրահանգման հնարավորություն չեն տալիս»:

Հիշեցնենք, որ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն էր հայտարարել, որ ՄԻԵԴ-ի այդ որոշումը կայացնելու նախորդ օրը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ հանդիպել էր ՄԻԵԴ-ի նախագահի հետ, ինչը մտորելու տեղիք է տալիս: