Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զոհված 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանը Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքում էր ապրում, ուներ երկու որդի։ Այս մասին NEWS.am-ին ասաց Լուսակունքի համայնքապետ Խաչիկ Խաչատրյանը։

«3 երեխա էին։ Իր եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է։ Ամուսնացած էր, ունի երկու որդի։ Մեկը 3 ամսական, մյուսըն էլ 8 տարեկան»,- ասաց համայքապետը։

Նշենք, որ 2016 թվականին ՊՆ-ն Գարուշ Համբարձումյանին ներկայացրել էր  ԶՈւ լավագույն սպաները եւ հրամանատարները շարքում, այն ժամանակ նա դեռ կապիտանի կոչում ուներ.

«ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ

Կապիտան Գարուշ Համբարձումյան

Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն եւ լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:

Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ է, օժտված կազմակերպչական ունակութուններով: Սիրելով իր մասնագիտությունը, նա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել բավարար գիտելիքների պաշար հավուր պատշաճի իրականացնելու իր ծառայողական պարտականությունները:

Բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից»։