Թուրքիան ավելի քան 1000 զինյալ է ուղարկել գեներալ Խալիֆա Հաֆթարի զորքերի դեմ՝ Լիբիայի կառավարությանն աջակցելու համար, հայտնում է Al Arabiya-ն՝ անհայտ աղբյուրներ վկայակոչելով:

Անցած մի քանի օրվա ընթացքում Թուրքիան շուրջ 1400 թունիսցի զինյալ է տեղափոխել Լիբիա, որոնք կապված են ծայրահեղական կազմակերպությունների հետ սիրիական Հալեպ եւ Իդլի նահանգներից, գրում է պարբերականը։

Մինչդեռ երկուշաբթի երկու թուրքական ինքնաթիռ էր ժամանել լիբիական Միսրաթա քաղաք, որոնք ավելի քան 500 վարձկան են տեղափոխել Սիրիայից, Թունիսից, Եգիպտոսից եւ Սուդանից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերին ռազմական համաձայնագիր էր ստորագրել  Լիբիայի կառավարության հետ, որը Թուրքիային թույլ է տալիս զորքեր տեղակայել հյուսիսաֆրիկյան երկրում, եւ այդ ժամանակվանից ի վեր Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկում պատերազմի մեջ գտնվող երկիր: