Տրամադրությունն էստեղ լրիվ լավ է, մարտական է. սա մեզ համար սովորական բան է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Բերդի բնակիչ Ռաֆիկ Մելիքյանը:

«Բերդին նախկինում երբեք չեն խփել, բայց Չինարիում, Այգեպարում, Մովսեսում միշտ էլ խփել են: Բայց մենք չենք կոտրվում: Մեր հույսը մեր բանակի վրա է, որն ամուր կանգնած է իր դիրքերում: Մենք էլ մեր առօրյա կյանքի մեջ ենք, աշխատում ենք: Ոչ միայն չենք ընկճվել, այլ սպասում ենք, որ մի օր հայերը մի լավ հակահարձակման անցնեն, մինչեւ Քուռի ափը հասնենք ու էս պատերազմը վերջացնենք: Մինչեւ Քուռ չգնանք, պատերազմը չի վերջանալու»,-ասաց նա:

Ռաֆիկ Մելիքյանն ընդգծեց, որ երեկ 1995 թվականի հետո առաջին անգամ էր, որ ական է ընկել Բերդ քաղաքում, «Տավուշ տեքստիլ» ընկերության մոտ: Այսօր արդեն խաղաղ է, կրակոցներ չկան: Մեզ համար սա սովորական է, Մեր ժողովուրդն ավելի վատ բաներ է տեսել, դրա համար դրանից մեր կյանքը չի փոխվել, սովորական հունով գնում է առաջ:

Մեր ժողովրդի տրամադրությունը շատ բարձր է, որովհետեւ հավատում են մեր բանակին, մեր վարչապետին, որ հաղթանակած ենք դուրս գալու եւ խաղաղություն է լինելու:

Էստեղ բոլորս էլ զինվոր ենք, եթե վաղը պետք լինի, բոլորս էլ գնալու ենք: Մեր զինվորի հետեւից մենք էլ ենք գնալու: Զինվորները գիտեն, որ էստեղ մենք ամուր կանգնած ենք, խուճապի չենք մատնվում, ամուր կանգնած ենք: Սա Բերդն ա»,-ընդգծեց նա: