Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր՝ հուլիսի 15-ին, մեկնարկել է «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը։

Նշենք, որ  հայցվոր կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատական նիստին չի ներկայացել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։

Նա դատարանին գրություն է ուղարկել, որում խնդրել է իր բացակայությունը համարել հարգելի եւ դատական նիստը նշանակել այլ օր։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւն էլ նշեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը դատական նիստի հետաձգման հիմք չէ.

«Քանի որ դատարանն ապահովել է հայցվորի պատշաճ ծանուցումը, իսկ աշխատանքային ծանրաբեռնվածությունը դատական նիստի հետաձգման հիմք չէ, գտնում եմ, որ սույն դատական նիստը առնվազն մինչեւ ապացույցների բեռի բաշխումը կարող ենք շարունակել»։

Դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ հայցվոր կողմի միջնորդությունը մերժել։

Նշենք, որ հայցի հիմքում ընկած է «Զինվորի մայր» ՀԿ Մարգարիտա Խաչատրյանի այն արտահայտությունները, թե ինչո՞ւ, օրինակ, զոհված զինծառայողներին կամ «Սասնա ծռերի» գործողությունների հետեւանքով մահացած ոստիկանության ծառայողներին, ինչպես նաեւ, հայրենիքին մատուցած ծառայությունների ընթացքում մահացած անձանց ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրվում, իսկ «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդներին տրամադրվում է։