Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը աչքի է ընկել հիմարությամբ եւ անհեռատեսությամբ արտառոց հայտարարությամբ՝ սպառնալով հրթիռային հարված հասցնել հայկական ատոմային էլեկտրակայանին:

«Հայկական կողմը չպետք է մոռանա այն մասին, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ առկա ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը Հայատանի համար մեծ աղետի կհանգեցնի»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ընդ որում՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը անուշադրության է մատնել այն հանգամանքը, որ ՀԱԷԿ-ի վրա հարվածը վնաս կհասցնի ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ տարածաշրջանին, առաջին հերթին Թուրքիային եւ բուն Ադրբեջանին:

«Տեղանքի ռելիեֆը, որտեղ տեղադրված է Մինգեչաուրի ջրամբարը, կատարված ամրացման աշխատանքները, ինչպես նաեւ ունեցած հակաօդային պաշտպանութան համակարգերը հակառակորդին թույլ չեն տա հարվածել  մեր ռազմավարական օբյեկտին»,- հայտարարել է Դարգյախլին՝ մեկնաբանելով Հայաստանի ԶՈՒ կողմից ջրամբարին հարված հասցնելու հնարավորությունը: