Եգիպտոսի գլխավոր մուֆթի Շաուքի Ալյամը անթույլատրելի է համարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու որոշումը: Այս մասին նա հայտարարել է ուրբաթ երեկոյան Sada el Balad հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Եկեղեցիները պետք է պահպանվեն այնպես, ինչպես կան եւ չվերածվեն մզկիթի, ինչպես նաեւ մզկիթները չպետք է վերածվեն եկեղեցու: Եգիպտոսի պատմության մեջ նման բան չի եղել»,-ասել է նա:

Մուֆթիի խոսքով, տարբեր հավատքի մարդիկ պետք է պահպանեն իրենց յուրահատկությունները. «Մեզ պատվիրվել է պահպանել եկեղեցիները եւ արգելված չէ եկեղեցիներ կառուցել մահմեդականների միջոցներով»:

Գերագույն մուֆթին հիշեցրել է, որ իսլամի պատվիրաններով արգելվում է ավերել վանքերը եւ սպանել հոգեւորականներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Որեւէ մեկի մտքով անգամ չի անցել ավերել օրինակ, Մեծ սֆինքսի արձանը»,-նշել է նա: