Իրանը երբեք չի մոռանա գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակությունը եւ անպայման պատասխան հարված կհասցնի ԱՄՆ-ին: Այս մասին Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Կադխիմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, հայտնում է Mehr-ը:

«Իրանը երբեք չի ունեցել եւ չի ունենա իրաքյան գործերին միջամտելու որեւէ մտադրություն: Իրանը ցանկանում է տեսնել անկախ Իրաք՝ իր տարածքային ամբողջականությամբ եւ ներքին միասնականությամբ»,- ասել է նա: «Իրանը միանշանակ դեմ է այն ամենին, ինչը թուլացնում է Իրաքին: Իրաքի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը մեր տեսակետի հակառակն է, քանի որ ԱՄՆ-ը թշնամի է եւ դեմ է իրաքյան անկախ, ուժեղ կառավարությանը, որն ընտրվում է ժողովրդական քվեարկությամբ»:

«Վաշինգտոնի կողմից գեներալ Սուլեյմանիի եւ Աբու Մահդի ալ Մուհանդիսի սպանությունը ԱՄՆ ներկայության օրինակ է: Նրանք ձեր տանը սպանեցին ձեր հյուրին, եւ բացահայտ խոստովանեցին այդ ոճրագործությունը»,- ասել է նա՝ հավելելով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի մոռանա Ղասեմ Սուլեյմանիի նահատակությունը եւ անպայման պատասխան հարված կհասցնի ԱՄՆ-ին»:

Նրա խոսքերով՝ Իրանը չի միջամտում ԱՄՆ-ի հետ Իրաքի հարաբերություններին, սակայն «ակնկալում է, որ իրաքյան պաշտոնյաները կճանաչեն Միացյալ Նահանգների բնույթը, եւ որ ԱՄՆ-ի ներկայությունը ցանկացած երկրում կոռուպցիայի եւ ավերումների աղբյուր է»:

Իրանը ակնկալում է, որ Իրաքի կառավարությունն ու խորհրդարանը կշարունակեն դուրս բերել ամերիկյան զորքերը տարածաշրջանից, քանի որ ամերիկյան ներկայությունը ապակայունացնում է տարածաշրջանը, հավելել է նա: