Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբոր և թիկնապահի կողմից ենթադրյալ ծեծի ենթարկված մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը իրավապահներին հայտնել է, որ ծեծի ենթարկվելուց հետո տևական ժամանակ սահմանափակվել է իր ազատ տեղաշարժը և ճնշումների արդյունքում՝ ստիպված է եղել ինչ–որ փաստաթղթի տակ ստորագրել։ Այս մասին  NEWS.am–ի հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբան Վրեժ Խաչիկյանը։ Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին դատաբժշկի ուղեգիր է տրամադրվել, իսկ քիչ առաջ էլ ավարտվել է դեպքի վայրի զննությունը։

 Խաչիկյանը վստահեցրեց, որ իր պաշտպանյալի վրա մարմնական վնասվածքներ են առկա՝ այդ թվում՝ քթի սալջարդ։

«Իմ պաշտպանյալի խոսքով՝  իրեն ծեծի են ենթարկել, 200.000 ԱՄՆ դոլար գումար պահանջել,  սպառնացել են իրեն և ընտանիքի անդամներին։ Որոշակի ժամանակով սահմանափակել են նաև նրա ազատ տեղաշարժը՝ թույլ չեն տվել հեռանալ, ինչպես նաև ստիպել են ինչ–որ թղթի տակ ստորագրել և քանի որ իմ պաշտպանյալը շոկային վիճակում է գտնվել, չի կարողացել կարդալ, թե ինչ թուղթ է դա»,–ասաց Խաչիկյանը՝ հավելելով, որ Կարապետյանը այս ամենի մասին ոստիկանության Էրեբունի բաժնում հաղորդում է ներկայացրել։

Փաստաբանը հայտնեց, որ լուսադեմին ոստիկանական բաժնում Կարապետյանի  ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ առաջին բուժօգնություն են ցուցաբերել, իսկ ավելի ուշ քթի միջնապատի վիրահատության ենթարկել։

Նշենք, որ դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ NEWS.am–ը գրել է, որ  երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում։

Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը NEWS.am–ին հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Նախկին Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ)  թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։