Էբիգեյլ Դիսնեյը կրկին քննադատության տարափ է տեղացել Disney ընկերության վրա՝ ղեկավարությանը մեղադրելով շահը աշխատողների առողջությունից եւ անվտանգությունից գերադասելու մեջ։

«Ես չեմ կարող լռել, երբ շահույթը գերադասում են մարդկանցից»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է նա:

Ուոլթ Դիսնեյի եղբոր՝ Ռոյ Դիսնեյի թոռնուհին դարձել է Disney-ի բացահայտ քննադատը եւ աշխատողների իրավունքների պաշտպանը:

Նրա խոսքերով՝ ընկերությունը չի անցկացնում Covid-19-ի բավարար քանակի թեսթեր` խոցելի աշխատակիցներին վերջերս բացված Disney World այգում պաշտպանելու համար:

Սա առաջին անգամ չէ, որ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Էբիգեյլ Դիսնեյը հրապարակավ քննադատում է ընկերությանը: Այս տարվա սկզբին նա դատապարտել էր կորոնավիրուսի կարանտինի ընթացքում հազարավոր աշխատողների հեռացնելու ընկերության որոշումը:

Անցյալ տարի նա քննադատել էր այն ժամանակվա գլխավոր տնօրեն Բոբ Այգերին 66 միլիոն դոլար վճարումը, որը Disney-ի աշխատակցի միջին աշախատավարձից ավելի քան 1400 անգամ շատ է՝ այն անվանելով «խելահեղություն»: