Հայ-ռուսական հարաբերությունների մասին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը աղմուկ բարձրացրեց Հայաստանում եւ բացասական արձագանք ստացավ: Այս մասին ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հուլիսի 18-ին Մարգարիտա Սիմոնյանը Թելեգրամի իր ալիքում դիմել է ՀՀ իշխանություններին. «Ի պատասխան բազմամյա բարության եւ պաշտպանության, որոնք դուք ստացել եք Ռուսաստանից, դուք Ղրիմը չճանաչեցիք: Որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է: Ռոբերտ Քոչարյանին դուք բանտարկել եք բացառապես քաղաքական վրեժխնդրությունից, որը Ռուսաստանի անդավաճան դաշնակիցն է: <...> Դուք երկիրը հեղեղել եք հակառուսական ՀԿ-ներով, որոնք ձեր տարածքում երիտասարդներին ուսուցանում են, թե ինչպես Ռուսաստանում իշխանությունը տապալեն <...> Իրականում այն ամենից հետո, ինչ դուք արել եք, Ռուսաստանը լիակատար բարոյական  իրավունք ունի թքելու ձեզ վրա եւ տրորելու»:

«Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մի՞թե դա նշանակում է, որ մենք չենք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը: Ո՛չ»,-նշել է Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածքներ են:    

Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ կապված դժգոհությունները՝ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի դաշնակիցները ոչ թե անհատներն են, այլ հայ ժողովուրդը: «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Փաշինյանն է, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը կամ Քոչարյանը, այլ հայ  ժողովուրդը: Դա կարեւոր նրբություն է»,-նշել է նա:

Պատասխանելով ՀՀ-ում արեւմտամետ ՀԿ-ների հետ կապված դժգոհություններին՝ ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ այդ կազմակերպություններն աշխատել են նաեւ մինչ 2018 թվականը՝ իր իշխանության գալը: «Դրանք ստեղծվել են այն ժամանակ, երբ ոչ ոք ՀՀ կառավարության՝ ռուսամետ լինելու հարցում որեւէ կասկած չուներ: Այդ կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Եթե նրանք այդքան ռուսամետ էին, ինչո՞ւ չփակեցին այդ կազմակերպությունները»,-նշել է Փաշինյանը:

Փաշինյանը հարցազրույց է տվել Երեւանում հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին սկսված սրումից հետո:    

Մարգարիտա Սիմոնյանը՝ ՀՀ իշխանություններին. Դուք ուղղակի աղաղակող պոլիտիկանների կույտ եք