ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հուլիսի 28-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում գործով որպես մեղադրյալ անցնող Յուրի Խաչատուրովի նոր թարգմանչի՝ գործում ներգրավելու հարցը քննարկվեց։

Յուրի Խաչատուրովը դեմ արտահայտվեց թարգմանչուհի Վարդուհի Շահինյանին գործում ներգրավելուն՝ նշելով, որ կասկածներ ունի, որ նա ու քննիչը մտերիմ հարաբերություններ ունեն։ 

«Երբ ես գնացի հարցաքննության, նա արդեն այնտեղ էր, այնպիսի տպավորություն էր, որ իրենց միջեւ մտերիմ հարաբերություններ կան, իրար վաղուց են ճանաչում: Ես ուզում եմ թարգմանիչ, որին ես հավատում եւ մի փոքր վստահում։ Ես հասկանում եմ, որ դատարանի համար դա բավարար չի, բայց քննչական մարմնի կողմից նա ուղարկված է։ Ես չեմ կարող ապացուցել, բայց ես վստահ եմ դրանում որպես մարդ» ,- նշեց Խաչատուրովը։

Թարգմանիչ Վարդուհի Շահինյանը դատարանին վստահեցրեց, որ զուտ գործնական հարաբերություններ ունի, քանի որ երկար տարիներ է, ինչ իր կազմակերպության թարգմանիչները դատական տարբեր գործերով թարգմանչական ծառայություններ են մատուցում։

Նշենք, որ դատարանը թարգմանչին փոխելու հարցն էր քննարկում, քանի որ կառավարության որոշման մեջ փոփոխություն է տեղի ունեցել եւ այսուհետ դատարանը չի կարող այլ թարգմանիչների ներգրավել, քան մրցույթը հաղթած կազմակերպությունների թարգմանիչների։ Ըստ այդմ դատարանը չի կարող պետական միջոցներից վճարել Խաչատուրովի ներկայիս թարգմանչին՝ Ժաննա Բաղրամյանին։

Ժաննա Բաղրամյանը դրանում խնդիր չի տեղնում, ավելին, պնդեց, որ ինքը նախկին ամիսներին էլ չի վարձատրվել։

«Ոչ դատարանի, ոչ դատական դեպարտամենտի, ոչ արտարադատության նախարարության կողմից չեմ վարձատրվել, ոչ էլ նման որեւէ պահանջ եմ ներկայացրել։ Իմ աշխատանքը սիրում եմ, անում եմ հաճույքով, դրա դիմաց վարձատրություն չեմ էլ ակնկալել, հատկապես որ համարյա 5 ամիս է՝ ոչ մի վարձատրություն չի եղել, հետեւաբար չեմ էլ ակնկալում»,- ասաց նա։

Յուրի Խաչատուրովն էլ իր հերթին դատարանից խնդրեց չփոխել իր թարգմանչին․ «Թող մասնակցի, խնդրում եմ, դուք էլ վճարեք, եթե դուք չեք վճարի, ես կվճարեմ»։ 

Դատարանը որոշեց չազատել Ժաննա Բաղրամյանին, միեւնույն ժամանակ գործում ընդգրկել երկրորդ թարգմանչին՝ Վարդուհի Շահինյանին, այդպիսով նրանց հնարավորություն տալով միասին աշխատել եւ որեւէ մեկի բացակայության դեպքում փոխարինել իրար։