Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 28-ին, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդեց վերացնել Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքը (ֆոտոռեպորտաժ

Պաշտպանները իրենց միջնդությունը հիմնավորեցին նրանով, որ քննչական մարմինը գույքի կալանքի հիմքում է դրել քաղաքացիական հայցի եւ դատական ծախսերի ապահովման նպատակը, այնինչ քաղաքացիական հայց ներկայացված չի։

«2018 հուլիսին ՀՔԾ-ն որոշում է կայացրել պարոն Քոչարյանի գույքը կալանքի տակ դնելու վերաբերյալ։ Որոշումը կայացվել է այն պայմաններում, երբ արդեն 3 օր պարոն Քոչարյանին մեղադրանք էր առաջադրված Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով նախատեսված արարքի ենթադրյալ կատարման համար։ Որոշման կայացման պահին որեւէ այլ մեղադրանք առաջադրված չի եղել, իսկ այդ նշված հոդվածն իր բովանդակությամբ որեւէ կերպ չի կարող հանգեցնել քաղաքացիական հայցի հնարավորության մասին դատողության։ Քննիչի որոշումը պարունակում էր շատ ընդհանրական ձեւակերպումներ։ Որեւէ պատճառաբանություն չկա այն մասին, թե ինչու քննիչը եզրահանգեց, որ պարոն Քոչարյանը կարող է թաքցնել իր գույքը, թե ինչ կապ ունի գույքի կալանքը առաջադրված մեղադրանքի հետ, թե ինչ դատական ծախսեր կարող են առաջանալ, թե քաղաքացիական հայց կարող է լինել թե չէ։ Հայտնի է, որ նշված հանցակազմը չի նախատեսում որպես պատիժ լրացուցիչ գույքի բռնագրավումը եւ  արարքի բովանդակությունն էլ այնպիսին է, որ ոչ ոք չի կարող ասել, որ սահմանադրական կարգի տապալման արդյունքում մարդիկ ձեռք են բերում ապօրինի գույք։ Բողոք ենք ներկայացրել դատախազին, պատասխանը եղել է՝ հիմք ենք ընդունել այն հանգամանքը, որ կարող է առաջանալ քաղաքացիական հայց, կարող են առաջանալ դատական ծախսեր։ Քննիչի եւ դատախազի պատճառաբանություններն են, որ ենթադրում են, որ կարող է այս գործով երբեւէ ներկայացվել քաղաքացիական հայց։ Բայց այս գործով որեւէ քաղաքացիական հայց նույնիսկ ձեւականորեն չի ներկայացվել»,- միջնորդությունը դատարանին ներկայացրեց պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանը դատավոր Աննա Դանիբեկյանին հիշեցրեց, որ դեռ մեկ տարի առաջ իր նախագահությամբ առաջին ատյանի դատարանը որոշել էր, ապա վերաքննիչն էլ հաստատել, որ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքը նրա գույքի վրա կալանք դնելով։

«Սակայն երբ Դուք վարույթ եք ընդունել այս գործը, որոշել եք, որ այդ հարցին պետք է անդրադառնալ դատական քննության փուլում, մինչդեռ ձեզ արդեն հայտնի էր իրավունքի հիշյալ խախտման մասին։ Դուք պարտավոր էիք վերացնել այն, անկախ նրանից՝ այդ փուլն է, թե ոչ, իմ կողմից միջնորդություն եղել է, թե ոչ։ Որ պահին Դուք Ձեր վարույթում տեսնում եք իրավունքի խախտում, պարտավոր եք օպերատիվ կերպով այն վերացնել»,- նշեց պաշտպանը։

Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ արձանագրվել է Արմեն Գեւորգյանի իրավունքների խախտում։

«Գույքի վրա կալանք կարող է դրվել միայն այն դեպքում, եթե կոնկրետ քրեական գործով հարուցված է քաղաքացիական հայց՝ կլինի դա նախաքննության, թե դատաքննության ընթացքում։ Եթե նախաքննական մարմինը գույքի վրա կալանք է դրել քաղաքացիական հայցը եւ դատական ծախսերը ապահովելու նպատակներով, չէր կարող դա անել, քանի որ քաղաքացիական հայց հարուցված չէ։ Մենք վստահ ենք, պնդում ենք, որ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելիս քննիչը չի ունեցել ոչ դատական ծախսերը, ոչ քաղաքացիական հայցն ապահովելու նպատակ չի ունեցե»,- ասաց պաշտպանը։

Դատախազությունը առարկեց միջնորդություններին, իսկ դատավոր Աննա Դանիբեկյանն էլ պաշտպանական կողմից պահանջեց պաշտպանական կողմից պահանջեց արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նիստը հետաձգվեց՝ նշանակվելով օգոստոսի 4-ին։