ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական կոմիտեի լսումներում Amazon-ի, Facebook-ի, Apple-ի եւ Google-ի ղեկավարները ավելի քան 5 ժամ պատասխանել են թշնամաբար տրամադրված կոնգրեսականների հարցերին, փոխանցում է NV-ն: 

Մարկ Ցուկերբերգը (Facebook), Թիմ Քուկը (Apple), Սունդար Փիչաին (Google) եւ Ջեֆ Բեզոսը լսումներին մասնակցել են տեսակապով: Նրանք առաջին անգամ էին համատեղ շփվում կոնգրեսականների հետ: Տեխնոլոգիական հսկաների ղեկավարները պատասխանում էին հարցերի՝ կապված նրանց կողմից ոչ մրցակցային պրակտիկաների օգտագործման վերաբերյալ հետաքննության հետ: Կոմիտեի հետաքննությունը ցույց է տվել, որ այս ընկերությունները չարաշահում են իրենց իշխանությունը:

Wall Street Journal-ը նշում է, որ գրեթե բոլոր հարցերի հնչերանգը թշնամական էր: Կոնգրեսականները անընդհատ ընդհատել են Amazon-ի, Facebook-ի, Apple-ի եւ Google-ի ղեկավարներին:

«Մեր հիմնադիրները չեն խոնարհվել թագավորներին: Մենք նույնպես չպետք է խոնարհվենք առցանց տնտեսության կայսրերին»,- նիստը բացելով՝ հայտարարել է Ներկայացուցիչների պալատի անդամ Դեւիդ Սիցիլինը (Դեմոկրատական կուսակցություն):

Նա շեշտել է, որ այս ընկերությունները հավաքում են միցակիցների մասին տվյալներ, որ պաշտպանեն իրենց դիրքը, կանխում են մրցակցությունը՝ գնելով մյուս խաղացողներին եւ պատճենելով նրանց արտադրանքները: «Պայմաններ թելադրելու, ամբողջական հատվածներ կործանելու եւ վախ ներշնչելու նրանց ունակությունը նման է մասնավոր կառավարության լիազորությանը»,- ասել է Սիցիլինը:

Հարցերն առնչվել են շատ թեմաների՝ սոցցանցերում գրառումների մոդերացիայից մինչեւ այն, թե ընկերություններն ինչ ճանապարհով են նվաճել շուկաների մեծ բաժինը: Թիմ Քուկի բախտը մյուսներից ավելի շատ է բերել՝ նրան ավելի քիչ են հարցեր տվել:

Ցուկերբերգին շատ են քննադատել այն պատճառով, որ ընկերությունը գնում է մրցակիցներին (մասնավորապես՝ Instagram-ը), թույլ է տվել 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը եւ չի փոխում մոդերացիայի կանոնները: Կոնգրեսում լսումների առաջին անգամ մասնակցող Բեզոսին ներկայացվող հիմնական պահանջն էր այն, որ նա տեղեկություններ է ստանում հաջողակ ընկերությունների եւ արտադրանքների մասին եւ դրանք պատճենում է՝ ստեղծելով իր արտադրանքները: Փիչաիին մեղադրում էին այն բանի համար, որն Google-ը տվյալներն օգտագործում է մրցակցությունը ճնշելու համար, հարստանում է գովազդով եւ որոնումը ձեռքով է խմբագրում: Apple-ին քննադատել են App Store-ում չարաշահումների համար:

Տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներն ի պատասխան հայտարարել են, որ ձգտում են քաղաքականապես չեզոք մնալ եւ կենտրոնանալ սպառողներին սպասարկելու հարցերի, այլ ոչ թե մրցակիցների հետ պայքարի վրա: