Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 30-ի նիտում ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «Շարոսոլար» եւ «Սաթենկար» ՍՊԸ-ներին:

Մասնավորապես, «Շարոսոլար» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար, կառուցելու է արեւային կայան։ Կայանը կառուցվելու եւ շահագործվելու է Արագածոտն մարզի, Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի Կաթնաղբյուր գյուղում։

Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին, առկա է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շնորհած էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիա՝ մինչեւ 2041 թվականի փետրվար 1-ը գործողության ժամկետով։ Արդեն իսկ իրականացվել է 30 մլն դրամի ներդրում հողամասի ձեռքբերման համար։

Նախատեսվում է իրականացնել 350 մլն դրամի ներդրում՝ կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար եւ 1 մլրդ 350 մլն դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, ծրագրի շրջանակում կստեղծվի 6 հիմնական եւ 40 ժամանակավոր նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 249 մլն դրամ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 286.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 28 մլն դրամ: