Որպես ՀՀ քաղաքացի ես ունեմ «Մարտի 1»-ի իրադարձությունների նկատմամբ իմ մոտեցումը. Խմբակցության հետ քննարկումների ժամանակ հնարավորություն եմ ունեցել առավել չակերտները բաց ներկայացնել այդ մոտեցումները, բայց ուզում եմ մի բան հաշվի առնեք, որ ՍԴ դատավորի թեկնածուի նկատմամբ կիրառելի են ՍԴ դատավորի վարքագծի կանոնները, և ես չեմ կարող հրապարակային կարծիք արտահայտել այնպիսի հարցերի վերաբերյալ, որպիսիք կարող են հետագայում քննարկման առարկա դառնալ ՍԴ-ում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը:

Հարցին, թե սպասո՞ւմ էր, որ իր թեկնածությունն առաջադրելուց հետո իր եւ իր հոր վերաբերյալ նման բուռն արձագանք կլինի, նա պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ոչ: Ես երբեւէ հասարակական գործունեությամբ չեմ զբաղվել եւ ՍԴ դատավորի գործունեությունը չեմ համարում այդպիսին: Առաջին 3 օրերի ընթացքում շոկային իրավիճակ էր եւ վերաիմաստավորելով այս պրոցեսները, հասկացանք, որ սա մի յուրօրինակ փորձություն է, որի միջով պետք է անցնել, որպեսզի հետագայում սպասվող առավել դաժան փորձություններին հնարավոր լինի դիմակայել»: