Կառավարության առջև այսօր դարձյալ բողոքի ցույցի էին հավաքվել նախորդ 10 տարիներին Կասյան–Կոմիտաս խաչմերուկի շուկայում գյուղմթերք վաճառողները։ Երկու շաբաթ առաջ նրանց թույլ չի տրվել վերակենդանացնել շուկան։ Գյուղացիները առավոտից հավաքվել էին Էկոնոմիկայի նախարարության առջև, որտեղից շարժվել են դեպի կառավարության շենք։

Մեկ շաբաթ առաջ կառավարությունից նրանց խոստացել էին 2 օրում պատասխանել, գյուղացիները սպասում են արդեն 5 օր։

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողներն ու Ամուլսարին հարակից համայնքների բնակիչները ոստիկանների հետ համաձայնության են եկել, որ կընթերցեն իրենց համատեղ դիմումը վարչապետին եւ կհեռանան: Նամակում նրանք նշել են, որ մի քանի անգամ դիմել են վարչապետին ու արձագանք չեն ստացել։ Հիմա ահազանգում են, որ զրկված են ապրուսի միջոցից հանքի շահագործումն արգելող մի քանի տասնյակ բնապահպան ակտիվիստի պատճառով։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե  որոշում է կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար եւ նրան Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելը բխում է այդ հանգամանքից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 11 վարչությունների ու բաժինների պետերի։ Փորձագետները ենթադրում են, որ պաշտոնանկությունները պայմանավորված են Ռուսաստանում, Ուկրաինայում եւ այլուր հայերի դեմ ադրբեջանցիների հարձակումների ընթացքում գրասենյակի վատ աշխատանքով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են ՍԴ դատարանի կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ։ Հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ։ Հանդիպումից հետո թեկնածուն լրագրողներին ասել է, որ հնչել են վերջին օրերին սոցցանցերում, մամուլի կողմից բարձրաձայնված բոլոր հարցերը։ Անդրադարձ է եղել նաև փաստին, որ Վահրամ Ավետիսյանի հայրն է ժամանակին դակել քաղաքական դատավարությունների, այդ թվում «Մարտի 1»-ի գործով մեղադրանքները, եւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները եւ նախկին քաղբանտարկյալները կոչ են արել կառավարությանը հետ կանչել նրա թեկնածությունը։

Երկրում ստեղծված վիճակը այս կառավարության կառավարման հմտությունների բացակայության հետեւանք է՝ 3 հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ հարցազրույցում հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այսօրվա վիճակը Ռոբերտ Քոչարյանը բաժանել է 2 մասի՝ խնդիրներ, որ այս կառավարությունը ստեղծել է դեռ նախքան համավարակը, եւ այն գործոնները, որոնք ավելացել են կորոնավիրուսի պատճառով։ Տպավորություն է, որ այս իշխանությունները երբեք չեն ընդունելու, որ սխալվել են, մինչդեռ ուժեղ մարդը կարող է ասել՝ այո, այս հարցում ես սխալվել եմ, բայց եւ ուսանելի փորձ եմ ձեռք բերել, բայց իրենց մոտ ես դա չեմ տեսնում», ասել է նախկին նախագահը։

Արցախյան հարցում բանակցային փակուղին պայմանավորված է խնդրի լուծման հարցում գործող իշխանության սկզբունքների բացակայությամբ։ Դեռ 88-ից սկսած շարժման  հիմքում եղել է ազգերի ինքնորոշման սկզբունքը, բանակցություններում հայկական կողմն առաջնորդվել է Արցախի անկախության անխոցելի հռչակագրով, ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նախկին նախագահի՝ տավուշյան դեպքերը, թերեւս սթափեցնող ազդեցություն են ունեցել այս իշխանության համար, որը, նրա խոսքով, սկսել է խնդրի էությունից որոշ բաներ հասկանալ։

Անցած գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորրը։ Պաշտպանության նախարարության խոսնակը գրել է, որ ադրբեջանական կողմը 15 անգամ է խախտել կրակի դադարեցման ռեժիմը` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց, նաեւ Տավուշի ուղղությամբ:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ իր հետ հեռախոսազրույցում  «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար եւ բարերար Ջորջ Բաղումյանը ասել է բառացիորեն հետեւյալը․ «Աննա, ես քեզ պետք է քառորդ միլիոն դոլար փոխանցեմ մեր զինվորների, մեր պաշտպանների համար»: «Դա հուլիսի 15-ն էր, այսինքն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շրջանը, այդ պահին այդ խոսքերն անգնահատելի էին», գրել է Աննա Հակոբյանը:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ: Մահացածը շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանն էր։ Նշենք, որ Հայաստանում արդեն երրորդ բուժաշխատողն է մահավում կորոնավիրուսից։

Հուլիսի 29-ի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 259 նոր դեպք է գրանցվել, մահերի թիվն ավելացել է 5-ով․ նրանցից ամենաերիտասարդը 55 տարեկան կին է։ Վարակվածների ընդհանուր թիվը 38196 է, որոնցից ապաքինվել է 28366-ը։

Ընդհանուր առմամբ, երկրում մահացել է 953 կորոնավարակակիր։

Սահմռկելի դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Երեկ ցերեկը, երիտասարդ կինն իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է, ապա նորածին աղջնակի ճիչը լսելուն պես սրբիչ խցկել բերանը, հետո նրան դրել տոպրակի մեջ ու նետել կից շենքի աղբանոցը։ Երեկոյան արգանդի արյունահոսության պատճառով դիմել է հիվանդանոց, ինչից էլ բացվել է զարհուրելի պատմության կծիկը։ 31-ամյա կինը ձերբակալվել է։

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը: Ռուբեն Հայրապետյանն այս պահին գտնվում է Ռուսաստանում: Նրան մեղադրանք է առաջադրվել անձի առևանգման գործով, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Թե ինչ հիմքով է դադարեցվել հետախուզումը, փաստաբանը չի հայտնել։

Մարդկանց անդորրը խաթարող գիշերային հրավառությունից է բողոքել Ազգային Ժողովի  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նկարահանել  հրավառությունը եւ  կից գրել․ «Հանկարծակի գըմփգըմփոցներ լսեցինք։ Դուրս եկա պատշգամբ, եւ ահա այն տեսարանն, ինչ ես տեսա… Կողքի շենքերից մարդիկ հայհոյախառն բաներ էին գոռում՝ երեխաներին արթնացրեցիք այ…»․․․ շարունակությունը Մարուքյանը չի գրել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.74 դրամով ու կազմել  485.16 դրամ։ Եվրոյի փոխարժեքն աճել է 1.02 դրամով ու հասել 570.26 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.27 դրամով ու հասել 630.76 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով  ու կազմել 6.60 դրամ։

Հուլիսի 31-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +33+35: