Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: «Ձեր նախաձեռնությունը մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ առաջիկայում հանդիպելու առիթ հանդիսացավ, որպեսզի ավելի տեղային կարողանանք քննարկել եւ փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլեւ ավելի բարձրացնենք ոլորտների, եւ ընդհանուր առմամբ, մեր տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունը: Կարծում եմ՝ նույնիսկ ճգնաժամի պայմաններում այս օրակարգը պետք չէ մոռանալ: Որքան պրոակտիվ լինենք ճգնաժամային իրավիճակում, որքան ավելի երկարաժամկետ հորիզոնի նկատմամբ որոշակի քաղաքականություն դրսեւորենք՝ այնքան ավելի լավ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետեւ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առաջացած խնդիրները եւ հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով: Մասնավորապես, մասնավոր հատվածի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային տնտեսական միջոցառումներից եւ կարեւորել ռեստորանային ոլորտում աշխատատեղերի պահպանման ուղղությամբ հնարավոր օժանդակությունը: Նրանց խոսքով՝ այն կօգնի, որպեսզի ոլորտը ճգնաժամից դուրս գա նվազագույն կորուստներով:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ կառավարությունում արդեն իսկ քննարկվել է այդ հարցը եւ այժմ պատրաստման փուլում է բիզնեսին աշխատատեղերի պահպանման նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու նախագիծը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել նախագծով նախատեսվող օժանդակության մեխանիզմների վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները նախագծի շուրջ՝ վերջիններիս առաջարկներով այն լրամշակել եւ ներկայացնել կառավարության հաստատմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է ծառայությունների մատուցման ոլորտի շարունակական զարգացման անհրաժեշտությունը եւ հորդորել բիզնեսի ներկայացուցիչներին հանդես գալ նաեւ մարզերում ժամանակակից ռեստորանների եւ սրճարանների հիմնման նախաձեռնություններով, ինչը կարեւոր նշանակություն ունի նաեւ համայնքներում մթնոլորտի բարելավման հարցում: