Կոտայքի մարզի Զովունի գյուղի 9-րդ փողոցում կոյուղատար է խցանվել, ինչի հետեւանքով արդեն 4-րդ օրն է՝ կոյուղու ջրերը հոսում են դեպի Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհին: Այս մասին NEWS.am-ին ահազանգեց Զովունիի բնակիչ Արկադի Գալստյանը:

Նա նշեց, որ զանգել է «Վեոլիա ջուր» ընկերություն, ներկայացրել իրավիճակը, իրեն պատասխանել են, թե խնդրից տեղյակ են: Թե ինչու մինչեւ օրս չեն լուծել խնդիրը, ընկերությունից պարզաբանել են, որ հավանաբար հասցեն հստակ չեն նշել, այդ պատճառով էլ չեն մոտեցել:

«Զանգել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որտեղից ասաել են՝ մենք  կզանգահարենք, բայց մինչ օրս չեն զանգել ու չեն եկել, զանգել եմ Կառավարության թեժ գիծ, ասել են՝ դա մասնավոր է, իրենք չեն կարող այդ խնդրով զբաղվել: Տիգրան Ավինյանի ընդունարանից էլ ասացին՝ զանգեմ գյուղապետարան այդ հարցով ու հեռախոսն անջատեցին: Այնուհետև զանգել եմ «վարչապետիստի» ընդունարան, ներկայացնում եմ իրավիճակը, այնտեղից ինձ պատասխանում են, որ  զանգեմ «վարչապետիստի» օգնականին՝ Նաիրի անունով, որը, սակայն, չի պատասխանում: Այսինքն կոյուղու խնդիրն այնքան մեծ խնդիր է, որ նույնիսկ վարչապետի գրասենյակից չեն կարող օգնություն առաջարկել: Մի բուռ հող ուտել, մեռնելն ավելի պատվաբեր չէ՞»,- ասաց քաղաքացին:

Արկադի Գալստյանն ահազանգել է նաեւ 911 եւ ոստիկանություն, սակայն, անօգուտ. «Մենակ հարկ վճարելով և դիմակ կրելով հո՞ չի, բա  հետո՞, այս պահին էլ դեռ կոյուղաջուրն հոսում է, ու ոչ ոք ոչ մի քայլ չի ձեռնարկում: Ես ամբողջ կյանքս արհամարհել եմ բոլոր իշխանությոններին, բայց այս մեկը լրիվ պատուհաս էր»:

Ավելի ուշ Արկադի Գալստյանը մեզ հայտնեց, որ Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհին, որտեղ կոյուղաջուրն անընդհատ հոսում է, փոսալցման աշխատանքներ են կատարում:

«Զանգեցի  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնականին, որտեղից ինձ ասացին՝ տեսել եք, մի թողեք, կանխարգելեք, այդ դեպքում իրենց  գործառույթը ո՞րն է, եթե քաղաքացին պետք է կանխարգելի օրինախախտ գործողությունները, դա ես անեմ, բա Նիկոլը՝ վարչապետիստն  ինչ անի: Քաղաքացիները մի կողմից են կրակի մեջ, լրագրողներն էլ մյուս կողմից, իսկ իշխանությունների մոտ առավոտից իրիկուն խրախճանք է»,- ասաց նա:

«Վեոլիա ջուր» ընկերությունից NEWS.am-ին հայտնեց, որ խնդրի մասին տեղեկացել են այսօր առավոտյան և այդ հարցով կզբաղվեն վաղը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մամուլի ծառայությունից էլ մեզ հայտնեցին, որ խնդրին ծանոթ չեն եւ պետք է ճշտեն համապատասխան ոլորտի պատասխանատուներից: