Երկու տարվա ընթացքում մենք իրականում այդ գործառույթները իրականացրել ենք, եւ այս շրջանում մեզ համար ձեւավորվել է երեք աշխատանքային ուղղություն։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով բովանդակային բանակցությունների վերադառնալու համանախագահների կոչերին:

«Առաջին ուղղությունը վերաբերում է, ինչպես Դուք ասում եք, սուբստանտիվ հարցերին, որտեղ մենք հետապնդել ենք էական, կարեւոր նպատակներ՝ ամրագրելու այն գերակայությունները, որոնք մեզ համար առաջնային են, եւ որոնց ճիշտ արտահայտումը հիմնական անհրաժեշտ բաղադրիչներից է՝ համապատասխան փոխզիջումներ կառուցելու համար։ Դրանց արհամարհանքը չի բերելու փոխզիջման։ Չի լինելու երբեւէ զիջում, չի լինելու երբեւէ այս կարգավորման չբալանսավորված լուծում։ Եվ այդ առումով է, երբ մենք խոսում էինք, արտահայտվում էինք շատ պարզ երկու բառով՝ ստատուս եւ անվտանգություն։ Եվ այդ երկու բառը իրենց մեջ պարունակում են բավական մեծ բովանդակություն՝ սուբստանցիա։

Քանի որ ստատուսը վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ազատ կամարտահայտման գործառույթի իրականացմանը՝ առանց սահմանափակումների եւ իրավական ուժ ունեցող արդյունքով։ Դրանք վերաբերում են անվտանգության այնպիսի համակարգի, որը չի խախտում, չի ստեղծում վտանգներ Արցախի համապարփակ անվտանգության համար, որի համար Հայաստանը այսօր շարունակում է մնալ միակ երաշխավորը։ Այս երկուսն ունեն այդ խորքային, բովանդակային նաեւ մանրամասները, որոնց մասին մենք երկու տարի հետեւողականորեն խոսել ենք եւ լսել ենք մյուս կողմին, թե ինչպես են նրանք ընկալում եւ ինչպես են պատրաստ մեզ հետ աշխատել այդ առումով։

Աշխատանքի երկրորդ ամենակարեւոր ուղղությունը մեզ համար եղել է այն միջավայրի ձեւավորումը, որն անհրաժեշտ է բանակցային գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար: Դա վերաբերել է թե՛ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, թե՛ միջավայրին, որը նպաստում է խաղաղությանը։ Այն հռետորաբանությունը, որը ձեւավորվել է այս շրջանում, որը մենք շարունակաբար լսել ենք, բնավ, չի նպաստում այդ միջավայրին։ Հետեւողականորեն լսվող այդ հռետորաբանությունը չի ազդում. սպառնալիքը ժխտված է, եւ չի ազդում:

Եվ երրորդ հիմնական ուղղությունը, որը մեզ համար եղել է շատ էական, Արցախի մասնակցությունն է, ներգրավումը խաղաղ գործընթացի մեջ. մի գործառույթ, որը չափազանց էական է: