Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Կոմունարկայի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ բուժվում են կորոնավիրուսով պացիենտները, եւ չճանաչված է մնացել: Այս մասին «Ռոսիյսկայա գազետայի» հետ հարցազրույցում հայտնել է կլինիկայի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն:

«Կարող եմ ասել, թե ինչպես է եղել: Ես պատրաստվում էի դիմավորել Սերգեյ Սոբյանինին: Այդ օրը առավոտից Սկլիֆոսովսկու  ինստիտուտում էի, մենք համատեղ շրջայց էինք կատարելու ակադեմիկոս Սերգեյ Պետրիկովի՝ Սկլիֆի տնօրենի հետ: Այնտեղ մեծ թվով ծանր հիվանդներ են կուտակվել, իսկ ես չէ՞ որ ոչ միայն Կոմունարկայի գլխավոր բժիշկն եմ, այլ նաեւ Մոսկվայի գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը: Մեր շփումները շատ կարեւոր են ոչ թե ինչ-որ սուպերվայզինգի, վերահսկման համար, այլ ավելի շուտ որպես փորձի փոխանակում: COVID-19-ը նոր հիվանդություն է, բուժման ուղեցույցները դեռ նոր են գրվում...

Մի խոսքով՝ ես պլանային շրջայցի էի Սկլիֆի «կարմիր գոտում»: Այֆոնը մոտս չէր, թողել էի օգնականիս՝ Պետրիկովայի մոտ: Մեզ մոտ հիվանդանոցում մենք օգտագործում ենք IP-հեռախոսների ռետինե սարքեր, որոնք հետո մշակվում են, Սկլիֆում կովիդի մասնաշենքում կիրառում են ռացիա:

Եվ ահա, ուրեմն, մենք դուրս ենք գալիս, ինձ են մեկնում այֆոնը եւ լարված ասում՝ իբր նայեք, թե ով է ձեզ զանգահարել, Դենիս Նիկոլաեւիչ... Անծանոթ բաժանորդների կույտում տեսնում եմ առողջապահության նախարարի եւ քաղաքապետի համարները:

Ես հավաքեցի Սերգեյ Սեմյոնովիչի համարը: Նա հարցրեց՝ որտեղ եմ, եւ պատասխանը լսելով՝ ասաց. «Հիմա մեքենա կգա: Ուզում եմ ձեզ հետ խոսել: Հանդիպենք Կոմունարկայում»:

Հիվանդանոցում տեսա քաղաքապետին, այլ պատասխանատու ընկերների... Ինձ ասացին. «Ի՞նչ ես կանգնել: Գնա հյուրերին ընդունի»: Մոտեցա «Աուրուսին», եւ այստեղ ես ամեն ինչ մինչեւ վերջ հասկացա:

Հավանաբար, ռազմական գաղտնիք չեմ հայտնի, եթե ասեմ, որ շուրջը ո՛չ կոպտերներ էին թռչում, ո՛չ որեւիցե լրացուցիչ միջոցառումներ էին մտցվել: Մեզ մոտ տարածքն առանց այն էլ փակ է, մուտքը հսկիչ անցակետով է:

Ավելին՝ բժիշկները եւ բուժքույրերը, որոնք նախագահին միայն վերակենդանացման բաժամունքում եւ ընդունարանում էին տեսել, միայն երեկոյան հեռուստալուրերից իմացան, թե ով էր դեղին պաշտպանական հանդերձանքով մարդը, որը նրանց ասել էր. «Շնորհակալություն աշխատանքի համար, դիմացե՛ք»,- պատմել է կլինիկայի գլխավոր բժիշկը: