Մի քանի օրից Սեւանա լճում կանաչ ֆոնը չենք տեսնելու: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը:

«Կապտականաչ ջրիմուռներն այժմ քայքայման փուլում են եւ քիչ-քիչ լիճը կապտելու է: Բայց, իրականում, պատկերը շատ մտահոգիչ է, ափամերձ տարածքներում, անտառածածկ հատվածերի մաքրման աշխատանքները պետք է արագ ու հրատապ կազմակերպվեն, քանի որ ցիանոբակտերիաների գործունեության համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում», - ասաց նա։

Վահագն Վարագյանի խոսքով՝ կարեւորագույն խնդիրներից են ափամերձ տարածքներում գտնվող համայքները, որտեղից կոյուղաջրերը հիմնականում հոսում են դեպի Սեւանա լիճ։

«Մաքրման կայանների գոյություն չունենալը Սեւանում ստեղծում է ջրում նպաստավոր պայմաններ, որպեսզի ցիանոբակտերիաները բազմանան ու մենք հիմա մի այնպիսի փուլում ենք, որ կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետեւանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սեւանա լիճը», - ասաց Վահագն Վարագյանը:

Նա ընդգծեց, որ լճից նմուշ են վերցնելու, ստուգումներ են իրականացնելու: Վարագյանը նկատեց, որ Սեւանի խնդիրները միայն ամառվա մի քանի շաբաթը չեն, որ լիճը կանաչում է, իրականում այդ բակտերիաները իջնում են ջրի հատակը եւ հաջորդ տարի նորից բարենպաստ եղանակային պայմանների դեպքում բարձրանալու են վերեւ, բազմանալու են. «Ամեն տարի մի քանի անգամ ավելի շատ են լինելու եւ քնաի գնա մեր խնդիրները շատանալու են: Այստեղ կարեւորագույն խնդիրներից է, որ ափամերձ թփերն ու ծառերը գտնվում են լճի մեջ, քայքայման փուլում: Սրանք նպաստավոր պայմաններ են ստեղծում կապտականաչ ջրիմուռների բազմացման համար: Մեր այս ակցիան ահազանգ է, որ պատկան մարմինները պետք է արագացնեն մաքրման աշխատանքները: Ամեն ջանք պետք է դնել, որ ափամերձ հատվածի մաքրման աշխատանքները շատ արագ իրականացնենք», - ասաց նա։

Վարագյանի խոսքով՝ տարին տասներկու ամիս հետաքրքրվելու են այս խնդրով, նույնիսկ աշնանն ու ձմռանն են գալու Սեւան, պտտվելու ափամերձ հատվածներում։

«Նայելու ենք՝ ինչ աշխատանքներ են կատարվելու», - վստահեցրեց «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահը։

Նշենք, որ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը իրականացնելու է Սեւանա լճի ափամերձ հատվածների հանրային էքսպեդիցիա։