Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկի համար վաղ առավոտից զանգեր եմ ստանում. Այս մասին facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «փորձեմ հարցերին պատասխանել գրառումով....

1.Տարածքը մինչև (մոտ) 2050 թվական վարձակալած է, դեռ տարիներ առաջվանից:

2.Քաղաքապետի կողմից շինթույլտվություն տալուց տարածքը մոտ 20%-ի չափով փոքրացվել է:

3. Կտրվել են 4 ծառ, որոնց փոխարեն 9 նոր ծառ է տնկվելու:

4. Ծառերը անկենսունակ են եղել:

Հ.Գ. Ցավոք՝ ասֆալտին պարկող ակտիվիստից այդպես էլ թիմ չդարձաք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս խնդրին անդրադարձել էր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, ով գրել է. «Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Դեռ երեք ամիս առաջ ես և ավագանու անդամներ եղանք տեղում, և ինչ պարզվեց՝

ՈՒշադրություն.

ըստ Մարությանի տված թույլտվության մեջ եղած քարտեզի՝ այդտեղ ծառեր չկան։ Պատկերացնու՞մ եք՝ Մաշտոցի պուրակում ծառեր չկան։

Իհարկե, այցի շրջանակներում մեր կողմից կանգնեցվեց շինարարությունը, մասնագետների պահանջով հողով ծածկվեցին բացված և արդեն վնասված ծառարմատները , կատարվեցին մասնագիտական գործողություններ ծառերը փրկելու համար։ Եվ հիմա ի՞նչ, նորից կտրում են։

Տարիներով պայքարեցինք, որ այսպիսի՞ ավարտ ունենա։

Թե ինչու՞ և ինչպես է թույլ տվել, եզրակացությունները թողնում եմ Ձեզ։

Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛»: