«Սա մեր իրավունքների ոտնահարում է՝ հանուն ճարտարապետական «գեղեցկության», - ասում է  «EREO» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության համահիմնադիր-նախագահ Անուշ Ասլանյանը։

Երեկ ապամոնտաժվել է  Վանաձոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի թեքահարթակը։ Անուշ Ասլանյանը նշում է՝  քանդելու մասին խոսակցություններ արդեն լսել էր մշակույթի պալատի տնօրենից, բայց երեկ կատարվածի մասին իմացել են պատահական: Ֆեյսբուքյան օգտատեր Վահե Խաչիկյանը տեսանյութ էր հրապարակել։

Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը  ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ թեքահարթակն ապամոնտաժվել  է  ԿԳՄՍ  նախարարության գրության համաձայն:

« Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը ՀՀ Կառավարության 2004թ. թիվ 49-Ն որոշմամբ ներառվել է Լոռու մարզի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում, որպես հանրապետական նշանակության հուշաձան, պալատը կառուցվել է 1949թ. և երբեք չի ունեցել թեքահարթակ, այն ներկառուցվել է մի քանի տարի առաջ խախտումներով և խաթարել պատմաճարտարապետական հուշարձանի նախաստեղծ կերպարը, այդ իսկ պատճառով և հիմք ընդունելով նաև ՀՀ Մշակույթի նախարարության գրությունը, այս տարվա սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում զբոսայգու հիմնանորոգման մեջ ներառվել է նաև թեքահարթակի քանդման, բաց նախասրահի մասնակի նորոգման աշխատանքներ», - պարզաբանել է ճարտարապետն իր ֆեյսբուքյան էջում:

Միաժամանակ նա ընդգծում է՝  պալատի արևելյան և արևմտյան մուտքերը հնարավորություն են տալիս հենաշարժողական խնդիրներով անձանց մուտք գործել ներս առանց խոչընդոտների:

«EREO»  ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանին զարմացնում է այս մոտեցում․  այդ որոշումն իրենց համար  ընդունելի չէ նաեւ  հոգեբանական և բարոյական տեսանկյունից:

«Ստացվում է դասակարգում՝ հաշմանդամություն ունեցող անձինք թող մտնեն ետին մուտքով, իսկ մնացածը՝ դիմացի: Սա այն դեպքում, երբ պալատի դիմաց կա մեծ տարածություն, որը կարելի է հարմարեցնել բոլորի համար», - ասում է Անուշ Ասլանյանը:

Ըստ նրա՝  պատշաճ իրազեկում չի եղել, հարցը քննարկման չի դրվել շահագրգիռ կողմերի հետ:

Գլխավոր ճարտարապետը պնդում  է՝  նախատեսված ընթացակարգերը պահպանվել են, և սուբվեցիոն ծրագրերի նախագծերը դրվել են հանրային քննարկման:

Այս հարցի շուրջ առաջիկայում սպասվում է քննարկում Վանաձորի համայնքապետարանի և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների, մտահոգ քաղաքացիների միջև: Հանդիպմանը բարձրացվելու է նաև համայնքապետարանի վերջին որոշումներից մեկը, ըստ որի Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող, 11-րդ դպրոցի դիմացի հետիոտնային անցումը այլևս չի գործելու: Այն փոխարինվել է գետնանցումով, որը, սակայն, հարմարեցված չէ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց, մանկասայլակներով ծնողների և տարեցների համար:

Ի պատասխան քաղաքացի Վահե Խաչիկյանի հրապարակման Տեղեկացնում եմ, որ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը ՀՀ...

Опубликовано Suren Abovyan Пятница, 31 июля 2020 г.