Ավստրալիայի Վիկտորիա նահանգում հայտարարվել է աղետի ռեժիմ կորոնավիրուսով վարակվածների թվի աճի կապակցությամբ։ Բացի այդ, ընդունվել են նոր սահմանափակումներ, հաղորդում է BBC News-ը։

Նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսի խոսքով՝ նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն կիրակի՝ տեղական ժամանակով 18:00-ին։

Նոր կանոններով՝ այսուհետ նահանգի մայրաքաղաք Մելբուրնում կսահմանվի գիշերային պարետային ժամ։

Նահանգի բնակիչներին արգելվել է տնից հեռանալ ավելի քան 5 կիլոմետրով։ Բացօթյա ֆիզիկական վարժությունները կթույլատրվեն օրական միայն մեկ անգամ։ Դեռ ավելին, այժմ գնումներ կատարելու համար պետք է տնից դուրս գա մեկական մարդ յուրաքանչյուր ընտանիքից։

Ավելի վաղ Ավստրալիայում համեմատաբար հաջողված պայքար էր տարվում COVID-19-ի դեմ։ Երկրում գրանցվել էր շուրջ 17000 վարակման դեպք եւ 200 մահվան դեպք։ Սակայն վերջին շաբաթներին Վիկտորիա նահանգում կտրուկ աճել էր վարակվածների թիվը, ինչը եւ ստիպել էր իշխանություններին դիմել ծայրահեղ քայլերի։