Բուլղարիայում 25-րդ օրը շարունակ ընթացող հակակառավարական բողոքի ցույցերի մասնակիցները կիրակի մասնակիորեն արգելափակել են դեպի Հունաստան տանող Е-79 միջազգային մայրուղու երթեւեկությունը։ Ակցիան տեւել է շուրջ 1.5 ժամ, ինչը հանգեցրել է մի քանի կիլոմետր ձգվող խցանումների։

Ցույցին ներգրավվել էին ոստիկանական լրացուցիչ ուժեր, որոնց հաջողվել էր դուրս մղել ճանապարհից ակցիայի մասնակիցներին՝ թույլ չտալով բախումներ։ Ընդ որում շարունակվում է արգելափակում ավտոմայրուղու որոշ հատվածում, որը սկսվել է ուրբաթ «Ֆրակիա» ավտոճանապարհը փակելու անհաջող փորձից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ցուցարարները նաեւ արգելափակել են Սոֆիայի համալսարանի խաչմերուկը երկրի մայրաքաղաքում։ Ցուցարարների խոսքով՝ անհնազանդության ակցիան հրահրել էր ոստիկանը, որը նախորդ գիշեր կանգնեցրել էր ցուցարարների խմբի ավտոմեքենան։ Ի պատասխան՝ ավտոմեքենան կանգնացնելու նույն խաչմերուկում ցուցարարները տեղադրել են նոր վրանային քաղաք, որը թվով երրորդն է Սոֆիայում։

Գիշերը տեղի ունեցածը ոստիկանությունն անվանել է սադրանք ցուցարարների կողմից։ Բարդ ճանապարհային իրավիճակի կապակցությամբ Սոֆիայի քաղաքապետարանում ստացվել են բազմաթիվ բողոքներ։ Ոստիկանությունը մտահոգվում է հնարավոր սադրանքների եւ տեղաբնակների ու բողոքի ակցիաների մասնակիցների միջեւ կոնֆլիկտների համար։