Երեկ՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Անկախության 29 շենքի բակում տեղադրված շարժական ավտոտնակում։

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ Արմեն Ապոյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Պարզվել է, որ Արթիկ քաղաքի բնակիչ Նելլի Ավետիսյանին պատկանող նշված ավտոտնակի մոտ բանջարեղեն են փորձել խորովել, որի ժամանակ էլ կրակը տարածվել է դեպի ավտոտնակը։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտյոմ Մատիլյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրված ավտոտնակի մոտ գտնվում էին այլ ավտոտնակներ, և հրդեհը չմարելու դեպքում կրակը կարող էր տարածվել մյուս ավտոտնակների ուղղությամբ։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։