Կորոնավիրուսից Երեւանում մահացել է Հայաստանի նախկին պետնախարար, անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա զարմուհի Թամարա Արեշյանը:

Նշենք, որ նրա մայրը ՝ Սալոմե Արեշյանը, եղել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին կին ակադեմիկոսն էր: Նրա պապը՝ Գրիգորի Արեշյանը, գինեկոլոգիայի պրոֆեսոր էր: Նրա պատվին է անվանվել Երեւանի առաջին ծննդատունը:

Հիշեցնենք, որ Գրիգոր Արեշյանը ծնվել է Երեւանում 1949թ. մայիսի 13-ին: 1991-1992թթ. նա եղել է Հայաստանի պետնախարարը: Ավելի ուշ, Արեշյանը տեղափոխվել է ԱՄՆ, նա դասավանդել է ԱՄՆ-ի ավելի քան 14 համալսարաններում եւ քոլեջներում:
Գրիգոր Արեշյանը եղել է հնագետների միջազգային թիմի համանախագահը, որը Բորիս Գասպարյանի գլխավորությամբ հայտնաբերեց Արենիում գտնված 5,500 տարվա վաղեմության կոշիկը և ամենահին գինեգործարանը:
Հայտնի հնագետն ավելի քան 150 գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք հրատարակվել են 5 լեզուներով 12 երկրներում։ Աշխատությունները նվիրված են հումանիտար և սոցիալական գիտություններում միջառարկայական ուսումնասիրություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով լայն պատմական համատեքստում Միջին Արևելքին և Հայաստանին։

Մահացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը