Կիեւում իրավապահները բանակցություններ են վարում տղամարդու հետ, ով գտնվում է «Լեոնարդո» բիզնես կենտրոնի ներսում գտնվող բանկի տարածքում եւ պնդում է, որ իր պայուսակում ռումբ կա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն Facebook-ի իր էջին:

«Օգոստոսի 3-ին ժամը 12.00-ին «Ունիվերսալ բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը (Շևչենկոյի թաղամաս, «Լեոնարդո» բիզնես կենտրոնի տարածք) զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել է, որ մինչեւ 35 տարեկան տղամարդ է մուտք գործել մասնաճյուղ եւ ասել է, որ իր պայուսակի մեջ ռումբ կա եւ խնդրել է ոստիկանություն կանչել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գերաշչենկոն նշել է, որ բանկային հիմնարկի աշխատակիցները լքել են տարածքը, սակայն մասնաճյուղի ղեկավարը մնացել է իր կամքով:

Ավելի վաղ Լուցկում տեղի ունեցած պատանդառումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ստիպել էր կատարել ահաբեկչի պահանջը մարդկանց կյանքը փրկելու համար: Սակայն իր որոշմամբ Ուկրաինայի Նախագահը վտանգավոր նախադեպ ստեղծեց, որը կարող է պատուհան բացել նման միջադեպերի կրկնության համար. առաջին օրինակը կարելի է համարել պատանդառումը Պոլտավայի շրջանում: Փորձագետների կարծիքով` Զելենսկին հետեւել է ընտրական տրամաբանությանը, սակայն իրավիճակը սրվում է երկրի իրավապահ համակարգի խղճուկ վիճակով, ինչը թույլ է տալիս շատ հանցագործների խուսափել պատժից: