Լիբանանի արտաքին գործերի նախարար Նասիֆ Հիթին հրաժարական է տվել ի նշան բողոքի տնտեսական ճգնաժամի մասով կառավարության վարած քաղաքականության` նախազգուշացնելով, որ եթե բարեփոխումներ սկսելու ցանկություն չլինի, «նավը խորտակվելու է», փոխանցում է AFP-ն:

«Այսօր ես որոշեցի հրաժարական տալ արտաքին գործերի նախարարի պաշտոնից»,- ասել է Հիթին` նշելով, որ կառավարությունը կամք չի դրսեւորել Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջած փոփոխությունները նախաձեռնելու համար: «Ես հասկացա որ իմ երկրում շատ բոսեր եւ հակասական շահեր կան: Եթե ​​նրանք չմիավորվեն ի շահ լիբանանյան ժողովրդի, ապա, Աստված մի արասցե, նավը խորտակվելու է` բոլորի հետ միասին»,- հավելել է նա` նախազգուշացնելով, որ Լիբանանը կարող է «չկայացած պետություն» դառնալ:

Վարչապետ Հասան Դիաբի գրասենյակից հայտարարել են, որ «նա ընդունել է հրաժարականը եւ սկսել է կապեր հաստատել եւ ուսումնասիրել նոր նախարար նշանակվելու տարբերակները»: