Վիետնամում մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի նոր ալիքը կարող է ավելի լուրջ ազդեցություն գործել: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկը, հաղորդում է Reuters-ը:

Վիետնամը, որը բարձր գնահատական է ստացել կորոնավիրուսի հետեւանքների մեղմացման հարցով իր ջանքերի համար, պայքարում է վարակի նոր բռնկման դեմ:

«Օգոստոսի սկիզբը որոշիչ ժամանակ կլինի, որի ժամանակ կարելի է կանգնեցնել վիրուսի տարածումը»,-ասել է վարչապետը:

96 մլն բնակչություն ունեցող երկրում հաստատվել է վարակման 642 դեպք, 6 մարդ է մահացել:

Երկուշաբթի իշխանությունները հայտնել են 22 նոր դեպքի մասին: Դանանգ քաղաքում հուլիսի 25-ին հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը:

Վարչապետի խոսքով՝ նոր բռնկումը կարող է ավելի լուրջ ազդեցություն գործել:

Իշխանությունները հայտարարել են, որ վիրուսի շտամմը, որը հայտնաբերվել է Դանանգում, ավելի վարակիչ է, եւ յուրաքանչյուր վարակված կարող է վարակել 5-6 մարդու: