Մեր մոտեցումը կայանում է նրանում, որպեսզի աջակցություն ցուցաբերենք մեր պետությանը եւ ժողովրդին, եւ առաջնահերթությունը տրվել է այն բուժհիմնարկներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում` անկախ այլ գործոններից: Այս մասին «Թովմասյան» հիմնադրամի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ ասուլիսին հայտարարեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը:

Ինչ վերաբերում է կառավարության կամ առողջապահության նախարարության աշխատանքներին վերաբերող քննադատություններին կամ գնահատականներին, ապա, ըստ նրա, դա Հիմնադրամի խնդիր չէ: «Հայտարարված ապրանքների գնելուց առաջ մենք անպայման կրկին ճշտել ենք եւ գնել ենք այն ապրանքները, որոնք անհրաժեշտ էին հենց կոնկրետ այդ ժամանակահատվածում»,- պարզաբանեց նա:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրի Բակունցն իր հերթին նշեց, որ օգնություն է ցուցաբերվել Գյումրիի, Վանաձորի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցներին եւ Երեւանի «Նորք» հիվանդանոցին:

Իսկ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն իր հերթին նկատեց, որ, չնայած սահմանափակումներին, իրենց հաջողվել է զգալի հաջողությունների հասնել, եւ արդյունքը գերազանցել է բոլոր սպասումները: «Հիմնադրամը կարողացավ միավորել հայերին: Ավելին, մեզ հաջողվեց նախաձեռնությանը միջազգային բնույթ տալ»,- եզրափակեց նա: