Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, կորոնավիրուսի դեմ պատվաստումները պետք է կամավոր լինեն: Դժվար է պատկերացնել, որ այս գործընթացը կարող է հարկադրական բնույթ կրել: Այս մասին օգոստոսի 3-ին «Թովմասյան» հիմնադրամի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ ասուլիսին հայտարարեց բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրի Բակունցը:

Նրա խոսքով` պատվաստանյութի մշակման եւ մարդու վրա դրա կիրառման համար տարիներ են պահանջվում, եւ դա էլ դեռ հաջողության գրավական չէ, ինչպես դա եղավ, օրինակ, Էբոլայի դեմ պատվաստանյութի դեպքում, որը մշակվել էր 10 տարի, սակայն անարդյունավետ էր:

«Սակայն, ինչպես տեսնում ենք, ընդամենը մի քանի ամիս է անցել, եւ արդեն հայտարարություններ են հնչում տարբեր երկրներում պատվաստանյութի մշակման մասին: Պատվաստանյութի նպատակը իմունիտետի արթնացումն է, որը պետք է հիմնական զենքը լինի վիրուսի դեմ: Իմ կարծիքով` հենց վիրուսի դեմ իմունիտետի առաջացման ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն: Ամեն դեպքում, բժիշկները պետք է իրենց որոշիչ խոսն ասեն կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում»,- ասաց նա: