«Չկա որևէ այդպիսի նշանային պայքար, որն անցած չլինի Մաշտոցի պուրակով՝ հանրային քննարկումների միջոցով և այլն։ Ցանկացած միջամտություն այդ զգայուն տարածքին ես համարում եմ նաև քաղաքացիական պայքարի հիշողության վրա ազդող և այդ նուրբ հատվածն անտեսող մոտեցում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Մաշտոցի պուրակի պահպանման ակցիաների մասնակից Զարուհի Հովհաննիսյանն՝ անդրադառնալով օրերս Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում հատված ծառերին։

Իրավապաշտպանի խոսքով՝ խնդիրը ոչ թե կոնկրետ գործողությունն է, այլ Մաշտոցի պուրակի հանդեպ վերաբերմունքը։

«Այդտեղ եղել է սրճարան, ավելի մեծացնում են, բարելավում, թե հակառակը, ինքնին այդ տարածքի հանդեպ վերաբերմունքը պետք է լիներ զգայուն։ Եթե որևէ հատված այդտեղ փոփոխվելու էր, դա պետք է բացառվեր, որովհետև գիտեին, որ հանրությունը զգայուն պետք է արձագանքի այդ հատվածի հետ կապված ցանկացած փոփոխության։ Եթե դրան գումարում ենք, որ բավական տարածք է ասֆալտապատվում, թեթև շինությունը փոխվում է ավելի ֆունդամենտալ շինության, ծառեր են հատվում և այլն, մենք պետք է հասկանանք, որ հստակորեն դա հանրային հիշողությանը և այդ հատվածի համար մղվող պայքարին որոշակի վնաս է հասցնում։ Անգամ եթե քաղաքապետը մասը կազմած չլիներ այդ երևույթներին, հեղափոխությունից հետո պետք է որ իրենք փոխած լինեին մոտեցումը այդ նշանային տարածքների վերաբերյալ»,- ընդգծեց Զարուհի Հովհաննիսյանը։

Իրավաշտպանի դիտարկմամբ՝ Հայաստանում հանրային տարածքները բավականին խոցելի են։ Նա հիշեցնում է, թե նախկինում քանի այդպիսի պուրակ կամ զբոսայգի է ոչնչացվել, իսկ այսօրվա իշխանությունն էլ առաջնային խոսում էր կանաչապատ տարածքների ավելացման մասին։

«Հիշում ենք Օպերայի շուրջ ապամոնտաժված սրճարանները, որոնք համարվում էին, որ պետք է մեծացվեն, և այդ մոտեցումը պետք է գերակա դառնար։ Այ, հիմա տեսնում ենք, որ Մաշտոցի պուրակի պարագայում, բոլորվին այլ մոտեցում են ցուցաբերում՝ էլի չհիմնավորված կամ վատ հիմնավորված առաջարկի պարագայում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ըստ «Կանաչապատում և Շրջակա միջավայրի» ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հատված ծառերը անառողջ էին ու ոչ կենսունակ։ Իրավապաշտպանը հավելում է, որ այդ հարցը պետք է գոնե քննարկվեր ավագանու նիստում, և միայն դրանից հետո լուծում տրվեր խնդրին։

«Այստեղ միանձնյա որոշումների խնդիր չի, խնդիրը իշխանությունների մոտեցումներն են, սպասվում էր, որ հեղափոխությունից հետո պետք է այդ մոտեցումները փոխվեն և մենք արդեն մի քանի խնդիր տեսնում ենք, որ փոփոխություններն այն ուղղությամբ չեն, որոնք խոստացվել էին, կարող ենք նաև Ֆիրդուսի փողոցի օրինակը բերել»,- եզրափակեց նա։