Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի  ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասվում է.  

«Հայաստանի եզդի համայնքի սիրելի քույրեր եւ եղբայրներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք վեց տարի առաջ եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցը: Հիրավի, այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի հանցագործություն է ընդդեմ մարդկության եւ քաղաքակիրթ աշխարհի: Կիսում ենք ձեր ցավը եւ անկեղծ զորակցություն հայտնում ձեզ:

Հայաստանի եզդի համայնքին, եզդի բոլոր ընտանիքներին մաղթում եմ տոկունություն ու ոգու արիություն: Որպես սփոփանք միշտ գիտակցեք, որ հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում դուք ունեք ապահով եւ պաշտպանված ապագա եւ առաջընթացի լայն ասպարեզ»: